Հովհաննես Այվազովսկի


Այվազովսկու ինքնանկարը

Աշխարահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թ. հուլիսի 17 (29)-ին Թեոդոսիայում: Հայրը` Գևորգ Այվազը կամ Հայվազը (հետագայում Կոնստանտին Հայվազովսկի) Մոլդավիայից Ղրիմ գաղթած մանր առևտրական էր: Սովորել է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում, 1930-33-ին` Սիմֆերոպոլի ռուսական գիմնազիայում, 1933-37-ին` Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում: 1837 թ. «Անդորր» կտավի համար արժանացել է ակադեմիայի առաջին կարգի ոսկե մեդալի և երկու տարով գործուղվել Ղրիմ` ինքնուրույն աշխատանքի, որտեղ նույն տարի կատարված նկարների համար արժանացել է նկարչի կոչման:
1840 թ. ակադեմիան նրան կատարելագործման նպատակով գործուղել է արտասահման: Եղել է Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, մասնակցել է մի շարք ցուցահանդեսների: Փարիզում արժանացել է ոսկե մեդալի, իսկ 1887 թ.` Պատվո լեգիոնի շքանշանի: 1844 ին վերադարձել է Ռուսաստան, արժանացել Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոսի կոչման և նշանակվել Ծովային գլխավոր շտաբի գեղանկարիչ: 1845-ից մշտական բնակություն է հաստատել Թեոդոսիայում և այնտեղ կառուցել արվեստանոց: Այվազովսկին եղել է Եվրոպայի, Մերձավոր արևելքի, Աֆրիկայի երկրներում, 1868 –ին ուղևորվել է Կովկաս, 69-ին Թիֆլիսում բացել առաջին գեղարվեստական ցուցահանդեսը: Նա նյութապես օգնել է հույների, իտալացիների ազգային ազատագրական պայքարին: Իր ճանապարհորդությունների ընթացքում օգնել է հայկական ազգային կազմակերպություններին, դպրոցներին, կազմակերպել է ցուցահանդեսներ: Ապաստան է տվել և նյութապես օգնել կոտորածից Ղրիմ գաղթած հայերին: ՆԱ եղել է Ղրիմի հայկական գաղթօջախի հովանավորը:


Այվազովսկի եղբայրների հուշարձանը Սիմֆերոպոլում

Այվազովսկին Թեոդոսիայում բացել է Հնագիտական թանգարան, Գեղարվեստի դպրոց, գրադարան, համերգային դահլիճ, մասնակցել երկաթգծի և նավահանգստի կառուցմանը և այլն: Մեծ գումարով օգնել է Ռուսաստանի 1891-92 թ. սովյալներին, չքավոր ուսանողներին: 1900 թ. մարտի 18-ին Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան հաստատել է Այվաղովսկու անվան թոշակ: Թոդոսիայում նրա անունով են կոչվել փողոց, զբոսայգի և մերձակա բլուրներից մեկը: Նա մահացել է 1900 թ. ապրիլի 19-ին:
Այվազովսկին ստեղծել է մոտ 6000 կտավ, աշխատել է շատ արագ, որին օգնել է նրա վիթխարի տեսողական հիշողությունը: Նրա աշխատանքների գերակշռող մասը ծովային թեմաներով է: Պատկերել է ծովը տարվա տարբեր եղանակներին, օրվա տարբեր ժամերին, փոթորկոտ և խաղաղ, խորապես զգացել և վերարտադրել է ծովային տարերքի վեհությունը: Այվազովսկին ստեղծել է նաև Հայաստանին նվիրված բազմաթիվ կտավներ` «Արարատյան լեռան հովիտը» 1882, «Արարատ» 1868, «Հայ մարտիկի երդումը» 1891, «Հայ ժողովրդի մկրտությունը» 1892 և այլն: 1868 –ին ստեղծած «Թիֆլիսի տեսարանը» հայ կենցաղային ժանրի առաջին կտավներից է: Առաջին անգամ նա է պատկերել Սևանա լիճը, Արարատն ու արարատյան հովիտը:
Այվազովսկու կտավները պահվում են աշխարհի նշանավոր թանգարաններում, հարուստ է նաև Հայաստանի պետական պատկերասրահը:
Խոշորագույն հավաքածուն գտնվում է Թեոդոսիայի Այվազովսկու պատկերասրահում: Այդ պատկերասրահը հիմնել է ինքը, Այվազովսկին: Սկզբում դա եղել է նրա տունը և արվեստանոցը, 1846թ. Այվազովսկին այնտեղ բացել է ցուցահանդես, իսկ 1880-ին վերածել է հանրային պատկերասրահի: Դա Ռուսաստանում ժողովրդին մատչելի առաջին թանգարանն էր:
1941 ին պատկերասրահի ֆոնդերը և արխիվը պատերազմից փրկվել և տեղափոխվել են Երևան: 1942 ին Այվազովսկու ծննդյան 125 ամյակի առթիվ Երևանում ցուցադրվել է Այվազովսկու նկարների հավաքածուն, որը 1944 –ն վերադարձվել է Թեոդոսիա: 1946 թ. ավարտվել է պատերազմի ժամանակ վնասված շենքի վերականգնումը և պատկերասրահը նորից սկսել է գործել, որը նախկին ՍՍՀՄ տարածքում ծովանկարչության միակ թանգարանն է:

Պատկերասրահ


Անդորր

 

Նեապոլի ծովածոցը լուսնյակ գիշերով
 

Ծովամարտ Նավարինում
 

Մալագա
 

Արևածագ Թեոդոսիայում
 

Իններորդ ալիք
 

Փոթորկի ազդանշան
 

Իտալական բնապատկեր
 

«Մերկուրի» բրիգը
 

Արևոտ օր
 

Առագաստանավ
 

Քաոս. Աշխարհի արարումը
 

Համաշխարհային ջրհեղեղ
 

Նավաբեկություն
 

Կրետե կղզում
 

Կովկասյան լեռնաշղթան
 

Ծովային բնապատկեր
 

Գիշեր. Երկնագույն ալիք
 

Թիֆլիսի տեսարան
 

Արարատ լեռը
 

Խրիմյան Կաթողիկոսը Էջմիածնի շրջակայքում
 

Հայ ժողովրդի մկրտությունը: Գրիգոր Լուսավորիչ
 

Երդում Ավարայրի ճակատամարտից առաջ: Զորավար Վարդան Մամիկոնյան
 
Մեծ Վարպետի վերջին, անավարտ կտավը

Թուրքական ռազմանավի պայթյունը