|
Ճանաչել զիմատութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:
Սա ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱՏԱՌ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆ Է: Սա Աստվածաշնչից կատարված թարգմանություն է, որ գրել է հայկական այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը 405 թ.:
Մաշտոցին իրավմամբ կարելի է համարել հայ ժողովրդի զավակներից խոշորագույններից մեկը և ամենալուսավորը:
Մեսրոպ Մաշտոցի կյանքի ու գործունեության մասին կան բազմաթիվ վավերագրական տեղեկություններ, այդ թվում նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը, Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Կարապես Սասնեցու վկայությունները, շուջ 30 հին և միջնադարյան աղբյուրներ: Նա ծնվել է մոտ 362 թ. Տիրապետել է մի շարք լեզուների: Մոտ 389 թ. հաստատվել է Արշակունյաց մայրաքաղաք Վաղարշապատում, հազարապետ Առավանի ղեկավարությամբ պաշտոնավարել արքունիքում որպես ատենադպիր, ապա անցել զինվորական ծառայության: 394-ին թողել է զինվորական ծառայությունը, դարձել վանական:
Այդ ժամանակաշրջանի նրա աշակերտները հետագայում դարձել են նրա օգնականները լուսավորչական գործունեության ասպարեզում: Նա իր աշակերտների հետ կատարել է քարոզչական շրջագայություններ և դեռևս այդ ժամակ սկսել է լրջորեն մտահոգվել երկրի վիճակով: Չնայած 301 թ. քրիստոնեությունն ընդունվել էր որպես պետական կրոն, երկրում եղած Աստվածաշնչի գրքերը եկեղեցական և այլ երկեր հիմնականում հունարեն էին, ժամերգությունները կատարվում էին ժողովրդի մեծ մասի համար անհասկանալի լեզուներով: Նա իր քարոզներում Աստվածաշունչը հրապարակորեն կարդալիս անմիջապես բանավոր թարգմանում էր հայերեն:
Այդ շրջանում նա համոզվեց, թե որքան կարևոր է հայերեն գիր ու գրականություն ունենալը: Կար նաև մեկ այլ ծանրակշիռ պատճառ: Երկու մասի բաժանված Հայաստանի արևելյան և արևմտյան հատվածները միմյանցից օտարանում էին: Արևելյան մասում, որը պարսից գերիշխանության տակ էր, թեև պահպանվում էր պետականությունը, պարսկական ազդեցությունը անընդհատ աճում էր, գրագրությունը կատարվում էր պարսկերեն և այդ լեզուն ավելի ու ավելի թափանցում էր ժողովրդի բանավոր խոսքի մեջ: Արևմտյան մասում, որ Բյուզանդիայի իշխանության տակ էր, եկեղեցին ենթակա էր հունական եպիսկոպոսությանը, պետական և եկեղեցու լեզուն հունարենն էր: Ամբողջ երկրում դպրոցների լեզուն հունարենն էր:
Մաշտողի համար հայ դպրության հրատապ ստեղծումն ուներ հետևյալ նպատակները.
- Ստեղծել ու զարգացնել մայրենի լեզվով գրականություն,
- Հայությունը փրկել ձուլումից,
- Հայացնել քրիստոնեական գրքերը և արարողությունները կատարել հայերեն,
- Ամրացնել քաղաքականապես երկու մասի բաժանված հատվածների հոգևոր, մշակութային, լեզվական միասնությունը, որը քաղաքական միասնության հիմք պիտի դառնար պետականության վերականգնման հնարավորության դեպքում:
Սահակ Պարթևը, որը 387-ին դարձել էր կաթողիկոս, միշտ եղել է ազգակենտրոն քաղաքականության առաջամարտիկ և Մեսրոպ Մաշտոցի գլխավոր հենարանը նրա գործունեության սկզբից ևեթ, ունեցել է նույն մտահոգությունները: Մեսրոպ Մաշտոցը Վաղարշապատ գալով կաթողիկոսին պատմում է իր մտադրությունները և ստանում նրա լիակատար հավանությունը: Գումարվում է ժողով` նվիրված հայկական գրեր ունենալու հարցին: Վռամշապուհ թագավորը ասում է, որ Ասորիքում Դանիել անունով եպիսկոպոսի մոտ հայկական գրեր կան: Ժողովի խնդրանքով թագավորը Վահրիճ անունով մի իշխանի ուղարկում է գրերը Հայաստան բերելու: Այստեղ հիմնում են դպրոց և Մաշտոցը ստանում է վարդապետի` ուսուցչի կոչում ու սկսում հայ մանուկներին հայոց լեզու ուսուցանել բերված գրերով:
Սակայն որոշ ժամանակ անց պարզ է դառնում, որ այդ դանիելյան նշագրերը ժամանակի հայերենն արտահայտելու համար անբավարար էին, անհարմար լեզվի վանկարկման և ուսուցման տեսակետից: Եվ Մաշտոցը անհապաղ ձեռնարկում է նոր գրեր ստեղծելու աշխատանքը: Մեսրոպ Մաշտոցը 405 թ. ստեղծում է հայերեն հնչունական համակարգը ճշտորեն արտահայտող, ուսուցանելու, թարգմանելու և դպրություն ստեղծելու նպատակին լիովին հարմար նշագրեր: Նա նորագյուտ տառերը դասավորում է` օգտվելով հունական այբուբենից, տառերին տալիս է անուններ «այբ», «բեն», «գիմ», (որտեղից էլ ծագել են այբուբեն, այբբենարան բսռերը) որոշում է նրանց թվային արժեքները Ա=1, Ժ=10 Ճ=100 և այլն:
Հայերենի հնչունական համակարգը որոշելիս Մեսրոպ Մաշտոցը առավելապես նկատի առավ արքունիքում, հոգևորականության շրջանում ձևավորված ատենական հայերենը, որը հենված էր արարատյան խոսվածքի վրա, և որ ինքը գործածում էր աստվածաշունչը բանավոր թարգմանելիս: Մաշտոցը բացասեց վանկային և ձայնավոր և չունեցող համակարգերը, իրավացիորեն հրաժարվեց տառի ձայնային արժեքը փոխող կետիկներից և գծիկներից և հայոց այբուբենի հիմքում դրեց ՄԵԿ ՀՆՉՅՈՒՆ` ՄԵԿ ԳԻՐ սկզբունքը, ընտրեց առավել հարմար հորիզոնական և ձախից աջ գրելաձևը: Բացի այդ նա դրեց հայերենի ուղղագրության հիմքը (օրինակ` թեև ստեղծել էր ը տառը, բայց նկատի առնելով հնչյունի հաճախակի գործածությունը հայերենում, ը տառի գրությունը սահմանափակող կանոն հաստատեց): Նրա ստեղծած գիրը և ուղղագրությունը դարձան ամենից լիարժեքը ժամանակի մյուս գրային համակարգերի շարքում և չհնացան անցած 16 դարերի ընթացում: Միջնադարում ավելացան միայն օ և ֆ տառերը:
Մեսրոպ Մաշտոցի, նրա առաջին աշակերտների և Սահակ Պարթևի ջանքերով ծավալվեց թարգմանչաց շարժումը` թարգմանական ծավալուն աշխատանք, եկեղեցու հայացում, երկրի բոլոր մասերում հայկական դպրոցների հիմնադրում, գրչության կենտրոնների ու գրադարանների հիմնում: Թարգմանում էին ոչ միայն կրոնական, այլև փիլիսոփայական և բնագիտական, ժամանակագրական գրքեր:
Տառերի գյուտից հետո Մաշտոցը օգնականների հետ շրջագայել է Հայաստանում և այդ ընթացքում հիմնադրել է դպրոցներ, հավաքագրել աշակերտներ, հիմնել վանքեր, որոնք դարձել են դպրության և գիտության կենտրոն: Թերևս նրա շնորհիվ է, որ հայկական վանքերը միշտ եղել են մշակույթի և գիտության կենտրոններ: Նա երեք շրջագայություն է կատարել Արևելյան Հայաստանում և մեկը` Արևմտյան Հայաստանում: Այդ վերջինի ժամանակ նրան պատվով ընդունել է Անատոլիս կուսակալը և նրա մտադրությունների մասին հայտնել Բյուզանդիայի Թեոդոս 2 կայսրին: Նա Մեսրոպ Մաշտոցին շնորհել է «Ակումիտ» (տքնող, արթուն, հսկող) պատվավոր տիտղոսը, սակայն զրկել է գործունեության իրավունքից: Մաշտոցը իր օգնականների մի մասի հետ մեկնել է Կ.Պոլիս, բանակցել կայսրի և հունաց պատրիարք Ատտիկոսի հետ և ստացել է հայ երեխաներին մայրենլ լեզվով կրթելու և հայ հոգևորականների դասեր հաստատելու կայսրական իրավունք: Դրանից հետո նա Արևմտյան Հայաստան վերադառնալով` այստեղ նույնպես հիմնում է հայկական դպրոցներ և մշակույթի կենտրոններ:
Ըստ Կորյունի, Արևելյան Հայաստանում կատարած երրորդ շրջագայության ժամանակ նա «Սկսեց Տիրոջից իրեն շնորհվածի համեմատ նշագրեր հորինել վրացերեն լեզվի համար» (Կորյուն, Վարք Մաշտոցի, 1962, էջ 110):
431 թ. ստեղծվեց Աստվածաշնչի Սահակ-Մեսրոպյան հայերեն թարգմանական բնագիրը: Մաշտոցը և Սահակ Պարթևը կազմել են հայ եկեղեցու Պատարագամատույցի, Ծիսարանի, Ժամագրքի նախնական տարբերակները: Մաշտոցը կազմել է նաև հունական երկերի մի ժողովածու, որը հետո թարգմանել է հայերեն:
Այդ բեղմնավոր և բազմաշնորհ անձնավորության գործունեությունը չէր սահմանափակվում դրանով: Նա եղել է իր ժամանակի խոշոր հայ բանաստեղծը: Մաշտոցը մեծ թվով հոգևոր բանաստեղծություններ է հորինել, որոց հիման վրա ստեղծված երգերը մտել են Շարակնոցի մեջ: Ըստ բազում վկայություննրի` նրան են պատկանում 130-ից ավել երգեր Հարց, Տեր երկնից, Ողորմեա շարքից: Դրանք հայատառ գրված առաջին բանաստեղծություններն էին:
Նա մշակել է հայոց նորաստեղծ դպրոցներում հայոց լեզվի, հայ երաժշտության և մյուս առարկաների դասավանդման սկզբունքները` սկսել մեսրոպյան տառերի և հայերենի որպես մայրենի ՄԻԱԿ ԼԵԶՎԻ ուսուցմամբ, հանրակրթական առարկաները դասավանդել ՀԱՅԵՐԵՆ:
Մաշտոցը մեծ նշանակություն էր տալիս ժողովրդին մայրենի լեզվով կրթելու, հայությունն ու հայրենիքը քրիստոնեական եկեղեցու, հայոց լեզվի և հայ մատենագրության միջոցով միավորելու, ժողովրդի ազգային ինքնուրույնությունը պահպանելու գաղափարներին:
Մովսես Խորենացին այսպես է բնութագրում Մաշտոցին «...գերազանցել է բոլոր առաքինի մարդկանցից, որպիսիք այն ժամանակ կային: Որովհետև ամբարտավանությունը և մարդահաճությունը երբեք նրա մեջ տեղ չգտան, այլ հեզ, բարյացակամ և բարեմիտ լինելով, երևում էր բոլորին երկնայինների սովորությամբ զարդարված: Որովհետև նա հրեշտակի տեսք ուներ, բեղմնավոր միտք, պայծառ էր խոսքով, գործերով ժուժկալ» (Պատմություն Հայոց, 1968, էջ 314):
Մեսրոպ Մաշտոցի մահից հետո հազարապետ Վահան Ամատունին և զորապետ Հմայակ Մամիկոնյանը նրա աճյունը մեծ բազմությամբ տանում են Օշական, որտեղ երեք տարի անց Վահան Ամատունին տաճար է կառուցում և աճյունը տեղափոխում այնտեղ: Նրա հիշատակը հարգելու համար Հովսեփ կաթողիկոսը հանձնարարում է Կորյունին գրի առնել նրա կյանքն ու գործը: Հայ եկեղեցին նրան դասել է սրբերի շարքը:
Անկասկած, հայ ժողովուրդը իր ազգային ինքնությունը, լեզուն և մշակույթը պահպանել է Մաշտոցի շնորհիվ: Ուրեմն պայծառ պահենք նրա անունը և ՀԱՐԳԵՆՔ ՄԵՐ ԼԵԶՈՒՆ:
Հայկական տառերի տեսքով խաչքարները սբ. Մաշտոցի եկեղեցու մոտ, Օշականում:
|
|